Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակության»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։
Մենք ունենք ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։ Ու մեզ հարկ չեն համարում ասել՝ ի՞նչ են անում, ի՞նչ են բանակցում, ի՞նչ լուծումներ են առաջարկում, ի՞նչ զարգացումներ են տեսնում։
Իշխանությունը ամբողջությամբ հրաժարվել է հասարակության հետ կոնտակտներից, նա հաշվետու չէ իր ժողովրդին։ Արտգործնախարար, ԱԽՔ անընդհատ հանդիպումների մեջ են, ու ոչ ոք չգիտի՝ ստվերում ինչ է կատարվում։
Խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի գործում, հակառակ դեպքում, ինքը կսրեր այս հարցադրումը, և ԱԺ-ն չէր ունենա հանգիստ կյանք։ Մոտ 330 հազար ձայն ստացած խորհրդարանական ընդդիմության ինստիտուտից մնացել են հազիվ 8-10 հոգի անհատապես հանդես եկող, անհատական գործունեություն ծավալող պատգամավորներ։ Ինչու՞, ո՞ր իրավունքով։
220 օրվա շրջափակման ընթացքը և իրավիճակը հուշում են, որ պետք է գնալ սրացումների։ Հակառակ դեպքում, աշխարհը ոչինչ չի նկատելու, չի ձեռնարկելու։ Արցախում այդ առումով ճիշտ որոշումներ են կայացվում։ Բայց ես ունեմ մտավախություն, որ մենք արձանագրելու ենք, որ չունենք սրացման գնալու, գրագետ պայքարի ենթակառուցվածքներ։ Չունենք, որովհետև չենք աշխատել թե´ մինչև շրջափակումը, թե´ այս 220 օրվա ընթացքում։ Այս խնդիրը հիմա հընթացս պետք է լուծենք։
21-րդ դարում տեղի է ունենում 120 հազար մարդու, մի ողջ պետության խեղդամահության օպերացիա, ու այն կշարունակվի, եթե մենք գրագետ չաշխատենք։ Իսկ գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը փոխել հնարավոր է, լավ արդյունքներ ստանալ հնարավոր է։ Վստահաբա՛ր։
Գալիս ենք հաջորդ ամենակարևոր հարցին. անհատական պայքարով կամ սիրողական դիմադրությամբ մենք՝ հասարակության ակտիվ, իրավիճակի հետ չհաշտվող հատվածը, արդյունք չենք ունենալու։ Պետք է.
- Ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն, որպեսզի աշխարհը ընկալի, թե իրականում այստեղ ինչ է կատարվում,
- Ստեղծել պայքարի կազմակերպման-կոորդինացման ինստիտուտներ, որպեսզի մշակվեն ճիշտ գաղափարներ, կայացվեն որոշումներ,
- Ստեղծել պայքարի ենթակառուցվածքներ, որպեսզի գաղափարներն ու որոշումները տեղում ռեալիզացվեն ու չմնան ֆեյսբուքյան տիրույթում։
Պետք է նոր, իրականում գործող ինստիտուտ, կառույց՝ կազմված լուրջ որոշումներ կայացնելու ունակ ու նաև այդ որոշումների ռեալիզացիայի համար որոշակի ռեսուրսների տիրապետող մարդկանցից, որոնք վերջապես կազատեն ռազմագերու կարգավիճակում հայտնված հասարակությանն ու մարդկանց կտան արդյունավետ գործելու հնարավորություն՝ խնայելով հանրային էներգիան և ուղղելով այն ճիշտ հունով։ Հակառակ դեպքում, տասնյակ հազարավոր պարկեշտ, գործելու պատրաստ մարդիկ կշարունակեն ամեն մեկն իր տեղում խելագարվել սեփական անելիքի չիմացությունից ու մսխել իրենց թանկագին էներգիան ու ժամանակը ցածր օգտակարության գործողությունների վրա։
Վահե Հովհաննիսյան